Ռուսաստանն անտարբեր չէ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ճակատագրի նկատմամբ. Լավրով

Ռուսաստանի Դաշնությունն անտարբեր չէ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ճակատագրի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք մշտապես աջակցում ենք այն սկզբունքին, համաձայն որի տարբեր երկրներում գրասենյակները բացվում են՝ ելնելով ԵԱՀԿ անդամ տվյալ երկրի ցանկությունից: Այս դեպքում մենք անտարբեր չենք հատկապես այն պատճառով, որ Հայաստանի գրասենյակը ղեկավարում է ՌԴ քաղաքացին»,– նշեց Լավրովը:

Նա ընդգծեց, որ ծրագրերը, որով այս կամ այն երկրում զբաղվում է տվյալ գրասենյակը, պետք է համապատասխանեն ԵԱՀԿ սկզբունքներին և չպետք է որևէ կասկած առաջացնեն: «Տվյալ դեպքում հարցեր են առաջացել մեր ադրբեջանցի գործընկերների մոտ: Սկզբում Գերմանիայի, իսկ հետո արդեն Ավստրիայի նախագահությունն ակտիվորեն աշխատանքներ է տանում, որպեսզի այդ հարցերը լուծվեն: Ավստրիայի նախագահության պատրաստած վերջին առաջարկը լուծում է առաջացած բոլոր խնդիրները: Հուսով եմ, որ դրան հնարավոր կլինի վերադառնալ մոտ ժամանակներս և որ դա կօգնի հաղթահարել ԵԱՀԿ համար ոչ այդքան ցանկալի իրավիճակը»,- ասաց ՌԴ արտգործնախարարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում