Նախարար Մարտիրոսյանը հանդիպել է իտալական խոշորագույն ճանապարհաշինական ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 22-ին ընդունել է իտալական «ANAS» խոշորագույն ճանապարհաշինական ընկերության բիզնես զարգացման գործադիր տնօրեն Լաուրենտ Ֆրանսիոզիին, «IRD Engineering» ինժեներական խորհրդատվության ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Պաոլո Օրսինիին և «Gestione Progetti Ingegneria» տրանսպորտային ենթակառուցվածքի ինժեներական խորհրդատվության ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջորջիո Գիդուչիին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրել է մեր երկրի համար կարևոր ճանապարհաշինական ծրագրերը՝ դրանցում առանձնացնելով պետություն – մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լաուրենտ Ֆրանսիոզիին ներկայացրել է «ANAS» ընկերության գործունեությունը։ Նա ընդգծել է, որ բացի արագընթաց ճանապարհներ կառուցելուց, մասնագիտացած են նաև բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ դժվարանցանելի ճանապարհների կառուցման աշխատանքներում, հավելելով, որ հետաքրքրված են պետություն – մասնավոր հատված համագործակցությամբ Հայաստանում կառուցվող ենթակառուցվածքների գործընթացներով և նախագծերով։ Հանդիպման ընթացքում կողմերը կիսվել են տեղեկություններով համագործակցության հնարավոր ծրագրեր ի վերաբերյալ։

Համաձայնություն է ձեռք բերվել ուսումնասիրել դրանց հնարավոր տարբերակները և հաջորդ հանդիպման ընթացքում ներկայացնել կոնկրետ առաջարկություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում