Լավրովը ԼՂ հակամարտության հարցում ՄԽ եռանախագահության ձևաչափին այլընտրանք չի տեսնում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին այլընտրանք չկա: Փետրվարի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Սրա օգտին խոսել են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այն փաստաթղթերում, որոնց տակ նրանք դրել են իրենց ստորագրությունը: Եռանախագահության ձևաչափ ին կողմ են արտահայտվել նաև ԵԱՀԿ-ի բոլոր անդամները»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Լավրովը:

Նա վստահեցրեց, որ համանախագահներն անգործության մատնված չեն: «Համանախագահները մշտապես հանդես են եկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և արագացնելու օգտին, ինչն արտահայտվել է եռակողմ փաստաթղթերում, որոնք նրանց կողմից պարբերաբար տարածվում են: Նման մի փաստաթուղթ էլ ընդունվել է օրերս Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ընթացքում, որում շատ հստակ ընդգծված է հակամարտության կարգավորման շրջանակներում ուժի կիրառման, ռազմական հռետորաբանության անընդունելի լինելը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների ամբողջական կատարման անհրաժեշտությունը»,– եզրափակեց Լավրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում