Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումն է նախապատրաստվում

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունները նախապատրաստում են երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը: Փետրվարի 22-ին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո այս մասին հայտնեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Պարոն Նալբանդյանի հետ քննարկումները կառուցողական էին, հագեցած ու հստակ: Մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը և մանրամասն քննարկել ենք պայմանավորվածությունները մեր գործողությունները միջազգային կառույցներում կոորդինացնելու շուրջ: Հայ-ռուսական համագործակցությունը տարբեր ոլորտներում շարունակում է զարգանալ: Այդ համագործակցությանը լրացուցիչ իմպուլս է հաղորդել վերջերս Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Ռուսաստան, մենք նախապատրաստում ենք երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը հավելեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև շատ բարձր մակարդակի վրա է առևտրաշրջանառությունը` հիշեցնելով, որ անցյալ տարվա արդյունքներով այն կազմել է շուրջ 1 միլիարդ դոլար: Լավրովը նաև շեշտեց այն հանգամանքը, որ ՀՀ-ում օտարերկրյա կապիտալի ներդրման 40 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին:

Սերգեյ Լավրովը գոհունակություն հայտնեց, որ փետրվարի 23-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի և Ռուսաստանի միջև առանց վիզային ռեժիմի այցերի մասին համաձայնագրում փոփոխությունը, որի համաձայն ՌԴ քաղաքացիները կկարողանան ՀՀ այցելել ներքին անձնագրերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում