Էդուարդ Շարմազանովն ընդունել է Բոլիվիայի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 22-ին ընդունել է Բոլիվիայի Բազմազգ Պետության Պատգամավորների պալատի խորհրդարանականներ Ալիսիա Կանկիին, Նելլի Լենս Ռոսսոյին, Մարիո Միտային, ովքեր մեր երկիր են այցելել Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելությամբ մասնակցելուց հետո: Հանդիպմանը ներկա են եկել նաեւ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել երկու պետությունների հարաբերությունների զարգացումը եւ այդ հարցում խորհրդարանականների դերը: Այս համատեքստում պարոն Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ այդ հարաբերություններն առաջիկայում առավել կխորանան եւ զարգացման նոր փուլ կթեւակոխեն:

Պարոն Շարմազանովը կարեւորել է բոլիվիացի խորհրդարանականների այցը Արցախի Հանրապետություն եւ դիտորդական առաքելությամբ սահմանադրական հանրաքվեին նրանց մասնակցությունը՝ նշելով, որ դա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բոլիվիայի Բազմազգ Պետությունն ազատության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ջատագով է:

«Ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, այնպես էլ Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու իրավունք ունի»,– ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովն իր եւ մեր երկրի անունից շնորհակալություն է հայտնել Բոլիվիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ միջխորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցված աշխատանքին եւ կարեւորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում միմյանց սատարելը:

Բոլիվիայի խորհրդարանականները Պատգամավորների պալատի նախագահի եւ բոլիվիացիների անունից ողջունելով հայ խորհրդարանականներին՝ ընդգծել են, որ Բոլիվիան անցել է ինքնորոշման եւ ազատության պայքարի ճանապարհով եւ իրենք լավ են հասկանում Արցախի ժողովրդի արդար պայքարը:

«Մեր սրտերն Արցախի եւ հայ ժողովրդի հետ են: Մեզ համար պատիվ էր մասնակցել Արցախի Սահմանադրության հանրաքվեին, որը տոն էր արցախցիների համար: Ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, ինչը ողջունելի է երկրի զարգացման համար»,- նշել է Նելլի Լենս Ռոսսոն:

Կողմերը կարեւորել են երկու պետությունների միջեւ հարաբերությունների սերտացումը, բարեկամական փոխայցերը, միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում