Դեսպան Մելքոնյանի հանդիպումը Կահիրեի նահանգապետի հետ

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը փետրվարի 21-ին հանդիպել է Կահիրեի նահանգապետ Ատեֆ Աբդել Համիդին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու բարեկամ երկրների մայրաքաղաքների միջև կապերի և մի շարք ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է փոխադարձ այցելությունների իրականացման և համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորման անհրաժեշտությունը։

Նահանգապետն ակնածանքով է խոսել Եգիպտոսում և, մասնավորապես, Կահիրեում բնակվող հայերի և նրանց՝ երկրի ու մայրաքաղաքի հասարակական և մշակութային կյանքում ունեցած նշանակալից ներդրման մասին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մելքոնյանը բարձր է գնահատել Կահիրեի նահանգապետարանի ուշադրությունը և բարեկամական վերաբերմունքը հայ համայքնի նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում