ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բ. Բուզետոյին

Փետրվարի 22-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին, Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին և ՄԱԿ ՓԳՀ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Յոհաննես Վան Դեր Կլաուին:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության համագործակցության ընդլայնումը բնական և տեխնածին աղետների ժամանակ բնակչության պաշտպանության, դիմակայունության մակարդակի բարձրացման , ինչպես նաև աղետների ռիսկի նվազեցման հիմնախնդիրների շուրջ:

Միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրելով աղետներին ազգային դիմակայունության մակարդակի բարձրացման խնդիրներին՝ նախարար Տոնոյանը շեշտեց, որ աղետների ժամանակ առավել խոցելի են կանայք, երեխաները, հաշմանդամներն ու տարեցները, ուստի հարկ է առավել մեծ ուշադրություն դարձնել վերջիններիս պատրաստվածությանը ճգնաժամերին արձագանքելու հարցում:

Կողմերը կարևորեցին նաև ճգնաժամերի ժամանակ տարածաշրջանում կայունության պահպանման հիմնախնդիրը, մասնավորապես՝ աջակցությունը բնական աղետների ժամանակ բնակչության տարհանման հարցերում:

Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց համատեղ ծրագրեր մշակել աղետների ռիսկի նվազեցման և բնակչության պաշտպանության ու դիմակայունության բարձրացման բնագավառներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում