ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը կենտրոնական տեղ է զբաղեցրել

Պաշտոնական այցով փետրվարի 22-ին Մոսկվա ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցին հաջորդեցին պատվիրակո ւթյունների մասնակցությամբ ընդլայնված բանակցությունները:

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ նախարար Լավրովը շեշտեց ավանդական դարձած բարձր մակարդակի այցերի նշանակությունը երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:

Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով հրավերի ու ջերմ հյուրընկալության համար, նշեց, որ այս պաշտոնական այցելությունը խորհրդանշական է, քանի որ տեղի է ունենում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի տարում, նաև կարևոր է, քանի որ կայանում է ՀՀ Նախագահի՝ Ռուսաստան պաշտոնական այցից առաջ։

Բանակցություններին նախարարները հանգամանալից քննարկեցին Հայաստանի Նախագահի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքը, երկու պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները քննարկեցին քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, հումանիտար, մշակութային ոլորտներում համագործակցությունը:

Անդրադարձ կատարվեց արտաքին քաղաքական համադրման, ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային բազմակողմ այլ հարթակներում փոխգործակցության հետ կապված հարցերին:

Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը քննարկեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր: Անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, սիրիական ճգանաժամի հանգուցալուծման ջանքերին: Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց ռուսաստանյան կողմին՝ Հայաստանից մարդասիրական օգնությունը Սիրիա փոխադրելու համար:

Հանդիպման օրակարգում կենտրոնական տեղ էր զբաղեցնում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները համակարծիք էին, որ խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի: Շեշտվեց 1994-1995թթ. անժամկետ զինադադարի հաստատման եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարման կարևորությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

Նախարարների հանդիպմանը հետևած արարողությանը Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանին հանձնեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի արտգործախարարին շնորհված Բարեկամության շքանշանը:

Ապա Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԱԳՆ պատվո մեդալներ հանձնեց ՌԴ արտգործնախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյային, ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխաիլ Եվդոկիմովին, ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկուն, տեղակատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովային, հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Եվգենի Իվանովին:

Հանդիպումից հետո նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը համատեղ մամուլի ասուլիսին հանդես եկան հայտարարություններով և պատասխանեցին լրագրողների մի շարք հարցերի:

Ասուլիսից հետո Սերգեյ Լավրովը պաշտոնական ճաշ տվեց Էդվարդ Նալբանդյանի պատվին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում