«Հայկական ժամանակ». Խոսնակները գնում են ԱԺ. Արման Սաղաթելյանն ու Շուշան Սարդարյանը՝ ՀՀԿ ցուցակում

Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանն ընդգրկվել է ՀՀԿ համամասնական ցուցակում. նա զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը, և չի բացառվում, որ ապրիլին կայանալիք ընտրություններից հետո մտնի Ազգային ժողով:

«Հայկական ժամանակ»-ը հիշեցրել է, որ Սաղաթելյանը Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակն էր 2013-2015թթ., իսկ մոտ մեկ տարի առաջ նշանակվեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն: Ի դեպ, ներկայումս Հանրային ռադիոյի լրատվական ծրագիրը՝ «Ռադիոլուրը», չունի ղեկավար: Նախկին գլխավոր խմբագիր Հռիփսիմե Առաքելյանն անցած տարեվերջին նշանակվեց կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար:

«Վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի գծով խորհրդական Շուշան Սարդարյանը նույնպես ընդգրկված է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում՝ 20-րդ տեղում և ըստ որոշ տեղեկությունների՝ պատգամավոր դառնալու դեպքում նրա տեղը կզբաղեցնի Հռիփսիմե Առաքելյանը»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում