Կառավարությունը Երևանին գույք նվիրեց Նուբարաշեն համայնքում նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում առաջիկայում նոր մանկապարտեզ կհիմնվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Երևան քաղաքին գույք նվիրելու մասին» որոշման նախագծին: Որոշման նախագիծը կառավարության քննարկմանը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակում Նուբարաշեն համայնքում գտնվող նախարարության համակարգի Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը վերափոխվել է Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի և ազատված ննջարանային մասնաշենքը, որոշման համաձայն, նախատեսվում է տրամադրել Նուբարաշեն վարչական շրջանին՝ նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Նա հավելեց, որ մանկապարտեզի տարածքի համար Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի միջնորդությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին է դիմել Երևանի քաղաքապետը: Քաղաքապետի առաջարկությունը նախարարությունը համարում է համահունչ կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների բնույթին և գտնում է, որ մանկապարտեզի գործունեությունը կարելի է դիտարկել որպես մեկ համալիր գործունեություն՝ կազմակերպության գործունեության հետ, քանի որ նպատակ է հետապնդում ապահովել սոցիալական պաշտպանության ոլորտում կարիք ունեցող ընտանիքներին համապատասխան ծառայությունների մատուցումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում