Վիգեն Սարգսյան. Հերոսներն իրականում մեր մեջ են

«Այնպես է ստացվել, որ փետրվարի 23-ը համաժողովրդական տոն է, որովհետև ինչպես հայրենիքի պաշտպանը, այնպես էլ նրա տոնը անցյալի չի լինում»,- այսօր Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների հետ հանդիպման ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, գրում է panorama.am-ը:

«Ես այստեղ եկել եմ մեր վետերանների հետ հանդիպումից, մարդիկ, ովքեր տարիներ շարունակ այս օրն են նշել, որպես քաղաքացիական ու մասնագիտական կարևորագույն օր»,-ասաց նախարարը, հիշեցնելով, որ այս տարի տոնը համընկել է սուրբ Վարդանանց տոնի հետ:

«Մեր բազմաթիվ սրբադասված զորավարների թվում Վարդան Մամիկոնյանն է մարմնավորում հավատի ու հավատարմության այն կռիվը, որը թույլ է տալիս պահպանել ազգային ինքնությունը, ժամանակի ընթացքում դառնալ հզոր պետություն, որը միտված է ապագային»,-ասաց նախարարը:
Վ. Սարգսյանը երախտիքի խոսքեր հղեց ներկա հերոսներին:

«Ընդունված է՝ հերոսներին փնտրել այլուր: Հերոսներն իրականում մեր մեջ են, այն մարդիկ են, ովքեր ամենավճռական պահին, երբ տատանվելը, մտածելը կարող է լինել բնական, ապացուցում են, որ դա ոչ միայն բնական չէ, այլև հարիր չէ: Եթե այդ հերոսության համար գին է վճարվում, դա երբեք վատնված գին չէ: Վստահ եմ, որ այստեղ յուրաքանչյուր տղա, եթե նորից այդ փորձության առջև կանգներ, ապա նույն խիզախությամբ կգնար այդ նույն քայլին»,-ասաց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում