Հայաստանի պատվիրակությունը Վրաստան է ժամանել որոշակի գաղափարներով. Կարեն Կարապետյան

Հայաստանի կառավարական պատվիրակությունը Վրաստան է ժամանել որոշակի գաղափարներով, որոնք նպատակամղված են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել Է Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ Թբիլիսիում կայացած հանդիպմանը:

ՀՀ վարչապետը երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել փետրվարի 23-ին: Հայաստանի կառավարական պատվիրակությանը ողջունելու պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի կառավարության վարչակազմի շենքում:

«Հայ-վրացական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, բայց մենք նաեւ շատ մեծ հեռանկարներ ունենք: Մենք եկել ենք որոշակի գաղափարներով եւ դրանք հաճույքով կքննարկենք ձեզ հետ միասին: Ես վստահ եմ, որ մեր հանդիպումը կլինի արդյունավետ ու արգասաբեր: Շատ շնորհակալ եմ մեր պատվիրակությանը ջերմորեն ընդունելու համար»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Կվիրիկաշվիլին նույնպես ընդգծել է երկու երկրների լավ հարաբերությունները: «Վրաստանը եւ Հայաստանը բազմադարյա բարիդրացիական բարեկամական հարաբերություններ ունեն, եւ մենք պետք է մեր ապագա հարաբերությունները կառուցենք այդ լավագույն ավանդույթների վրա»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Բանակցությունների ընթացքում Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են համագործակցության լայն շրջանակի հարցեր եւ պատրաստակամություն հայտնել՝ խորացնելու երկու երկրների բարեկամական հարաբերությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում