Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մասը չի եղել. Իտալիայում ՀՀ դեսպան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում նախքան Ադրբեջանին որպես զոհ դիտարկելը, նախ և առաջ պետք է հիշել, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս. երկու անկախ եւ իրավական իմաստով հավասար սուբյեկտները կազմավորվել են Խորհրդային Միության փլուզումից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իտա լական agenparl.com կայքի հետ հարցազրույցում հայտարարել է Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը: Նրա խոսքով` ի պատասխան հայ բնակչության խաղաղ և լեգիտիմ ինքնորոշման պահանջի՝ Ադրբեջանը նախաձեռնել է պոգրոմներ ու սպանություններ այնպիսի «հանդուրժող» քաղաքներում, ինչպիսիք են Բաքուն, Կիրովաբադն ու Սումգայիթը, ինչպես նաև ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ: Բաղդասարյանը նաև ընդգծել է, որ ԼՂ բնակչությունը պայքարում է իր գոյության և իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի համար, մինչդեռ Ադրբեջանում հայի սպանությունը հպարտանալու առիթ է:

«Այդպես եղավ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դեպքում, ով կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Նույնը կարելի է ասել նաև 2016-ի ապրիլյան պատերազմի համար, երբ Ադրբեջանը սկսեց գնդակոծել խաղաղ բնակավայրերը, գյուղերը, դպրոցները և մանկապարտեզները»,- ասել է Բաղդասարյանը` հավելելով, որ ադրբեջանական հանցագործություններն իրականացվել են վաղ առավոտյան` քաղաքացիական բնակավայրերի և գյուղերի վրա ծանր հրետանային ռմբակոծության հետևանքով, ինչի արդյունքում սպանվել են մեկ դպրոցական երեխա, երեք տարեց մարդիկ, ում դիակները խեղվել է ին: Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի տապալված «բլիցկրիգն» ուղեկցվում էր նաև Իսլամական պետության գործելաոճին հարիր ոճրագործություններով, գլխատումներով, մահացած հայ զինվորների խեղումներով, իսկ այդ հանցագործություններն իրականացրած անձիք պարգևատրվել են անձամբ Ալիևի կողմից:

«Կասկած չկա, որ Ադրբեջանն ամբողջությամբ սպառել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վստահությունը: Հասկանալի է, որ ապագայում ոչ մի հետ վերադարձ չի լինի, քանի որ դա բացարձակ նոնսենս է»,- նշել է դեսպանը:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի 4 բանաձևերին, ապա Բաղդասարյանն ընդգծել է, որ Ադրբեջանի դեսպանը դրանց մասին խոսելիս մոռանում է, որ «դրանք կոնկրետ իրավիճակում են ընդունվել եւ որոշակի նպատակով՝ բռնությունը կանգնեցնելու համար»: Ավելին՝ ոչ մի բանաձեւում Հայաստանը հակամարտության կողմ չի համարվում:

«Հայաստանին միայն հորդորում են շարունակել ազդեցություն գործել Լեռնային Ղարաբաղի վրա, իսկ վերջինն ակնհայտորեն ճանաչվում է որպես հակամարտության կողմ՝ այն, ինչը Ադրբեջանը մշտապես փորձում է անտեսել: Ադրբեջանը նաեւ մերժել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ կապերի վերականգնման հարցով բանաձեւերը: Դրանից զատ, ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերով կոչ է արվում ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կբարդացնի հակամարտության խաղաղ կարգավորումը, եւ ջանքեր ներդնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման համար: Իսկ ի՞նչ է արել Ադրբեջանը: Բացարձակապես հակառակը՝ յուրաքանչյուր բանաձեւից հետո նրանք նոր լայնածավալ ռազմական հարձակում են նախաձեռնել»,- հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում