Առաջիկայում կայանալու է զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Առաջիկայում տեղի է ունենալու մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում զոհված, կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ մի շարք կարևոր փաստաթղթեր եւ կարգավորումներ պետք է ընդունվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիր կատարած այցի շրջանակում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Հիմնադրամի գործունեությունը տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից տեղի ունեցած դեպքերի վրա եւ մենք, անպայման, անդրադառնալու ենք այն դեպքերին, որոնք տեղի են ունեցել օրենքի ընդունման և ուժի մեջ մտնելու հատվածում։ Մենք շատ կարևոր խնդիր լուծեցինք, ձևավորեցինք մի գործիք, որով պետությունն ու հասարակությունը յուրաքանչյուր զինծառայողին վստահություն են ներշնչում, որ դժբախտ պատահարի, հաշմանդամության ձեռքբերման և մահվան դեպքում, նրա ընտանիքի կողքին կանգնած կլինեն: Այդ ընտանիքի կողքին կանգնած կլինի մեր ողջ ժողովուրդը: Մենք արդեն այ սօր ունենք համակարգ, երբ զոհված սպայի ընտանիքը, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող սպայի ընտանիքը ստանալու է 82 միլիոն դրամ, որը կարծում եմ լուրջ աջակցություն է»,- շեշտեց նախարարը՝ տեղեկացնելով, որ շուտով գործարկվելու է հիմնադրամի կայքը, որի միջոցով մարդիկ հնարավորություն են ունենալու տեսնել գումարները ստացած շահառուների թիվը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում