Կապանում արտադրվելիք կղմինդրը առավել մրցունակ կլինի շինանյութի շուկայում

Կապանում հիմնված արտադրամասում ավազից, կավից ու պլաստիկ թափոններից պատրաստվելու են նոր շինարարական նյութեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը փետրվարի 23-ին զեկուցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

Շինանյութի արտադրության կազմակերպումը իրականացվել է Եվրամիության միջոցներով, պետության մասնակցությամբ: Շինանյութը մոտ 50 %-ով էժան է մրցակցային դաշտում:

«Մենք ենթադրում ենք, որ այն 40 աշխատատեղը, որ ստեղծվելու է այնտեղ, մշտական մնայուն է լինելու և բարձր վարձրատրվող: Աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Լեհաստան, Հունգարիա, Մերձբալթյան երկրներ, միայն Եվրոպայի տարածքում՝ 12-ից 15 երկրներում նման արտադրություններ կան»,– նշել է նախարարը` հավելելով, որ ներկայումս նման արտադրություններ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են սկսվել նաև Ուկրաինայում, Բելառուսում և այլուր: Նախարարի տեղեկացմամբ` արտադրամասի վերջնական արդյունքը լինելու է կղմինդր, որի մեջ ցեմենտի փոխարեն օգտագործվում է պոլի ստերոլ: Դավիթ Լոքյանի տեղեկացմամբ` այդ շինանյութի ինքնարժեքը 50 %-ով պակաս է, թեթև է միայն կավից պատրաստված կղմինդրից: Արտադրվելու են նաև ճանապարհային մայթեզրեր:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության օրակարգային առաջնահերթությունների, ծրագրերի և դրանց իրականացման ուղղությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքի մասին փետրվարի 23-ին զեկուցել է նախարար Դավիթ Լոքյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում