Վիգեն Սարգսյանը հանդիպեց Պետական բժշկական համալսարանի ուսանողների եւ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Սուրբ Վարդանանց տոնի կապակցությամբ հանդիպում ունեցավ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների հետ:

Իր ելույթում նախարարը կարեւորեց բժիշկների դերն ու աջակցությունը բանակում:

«Մենք պետք է այսօր այստեղ հատուկ նշենք բժիշկների սխրանքը:

Բժիշկը կրկնակի բեռ կրող մարդ է մարտի դաշտում: Մի կողմից զենքը ձեռքին, իսկ մյուս կողմից մասնագիտական պարտքը, ամենաբարոյական, ամենամարդասիրական պարտքը կատարող քաղաքացի է: Ղարաբաղայան պատերազմի, ապրիլյան արկածախնդրության օրերին բժիշկներն ապացուցեցին, որ ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողներն են, եւ որպես հասարակություն այդ գաղափարախոսությանն ադեկվատ արձագանքելու կարիք ունենք»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը՝ նաեւ արտահայտելով իր երախտագիտությունը Երեւանի պետական բժշկական համալսարանին եւ ռեկտորին զինվորներին հետևողականորեն աջակցելու համար:

Հանդիպման ավարտին կազմակերպվեց հարցուպատասխան, ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին Պաշտպանության նախարարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում