Համայնքային զարգացման ծրագրերի ֆինանսավորումը կմեկնարկի առաջիկա ամսվա ընթացքում

ՀՀ կառավարությունը ստացել է մոտ 112 տարածքային զարգացման ծրագիր, որոնց մի մասն արդեն անցել է քննարկման փուլը, իսկ 10-ը հաստատվել են Կենտրոնական բանկի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը փետրվարի 23-ին զեկուցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ առաջիկա 20 օրերի ընթացքում կսկսվի այդ ծրագրերի ֆինանսավորման գործընթացը:

«Աշխարհագրությունը տարաբնույթ է, բոլոր մարզերից կան ընտրված ծրագրեր, և մենք ենթադրում ենք, որ քննարկումներն այնպես են ընթացել, որպեսզի ընտրվեն երկարաժամկետ ծրագրեր` ապահովելով մեզ համար համախառն արդյունք»,– նշել է նախարար Լոքյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ փետրվարի 22-ին 12 համայնքների ղեկավարների հետ քննարկում է եղել վարչապետի մոտ, որի արդյունքում «Համայնքային զարգացման ծրագրերից» ընտրվածները կյանքի են կոչվելու պետության շատ փոքր համաֆինանսավորմամբ՝ հիմնականում համայնքային միջոցներով:

«Մենք իրականացնելու ենք Ամասիայի տարածաշրջանում բրդի վերամշակում և թելի տրամադրում Գյումրիի ֆաբրիկային, որը գուլպաներ է գործում: Տեղ համայնքում շուրջ հինգ հեկտար ծնեբեկի արտադրություն ենք սկսել, որի ամբողջ արտադրանքի 80 %-ն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Նույն եղանակով կարտոֆիլի արտադրություն ենք ստեղծում Ախուրյան համայնքում»,- նշել է Դավիթ Լոքյանը:

Նախարարն անդրադարձել է նաև այլ քաղաքների` Ծաղկաձորի, Ջերմուկի, Դիլիջանի և Վանաձորի զարգացման ծրագրերին:

Վանաձորի ծրագիրը զբոսաշրջային վարչության հետ արդեն վերջնական տեսքի է բերվում: «Ենթադրում ենք, որ մայիսին մենք համաձայնագրի ստորագրման վերջին կհասնենք և տարվա երկրորդ կեսին մենք կկարողանանք բևեռային քաղաքների խնդիրը լուծել: Շատ կարևոր են դառնալու այն անկյունաքարերը, որոնք տարածքները պետք է զարգացնեն»,- հավելել է Լոքյանը:

Նախարարի տեղեկացմամբ` նախարարության բոլոր փաստաթղթերը ստեղծված են չափելիության սկզբունքի վրա: Ըստ այդմ, տարեվերջին պետք է կարողանալ ապահովել գյուղատնտեսական 10 տոկոս ավելի նոր ձեռնարկությունների ստեղծում, որը 8 տարիների համար ստեղծելու է շուրջ 60 հազար աշխատատեղ:

«Շատ ակտիվացել են մարզպետարանները այս ընդհանուր ռազմավարությունը ունենալուց հետո: Ներկայացված ընդհանուր ծրագրերը, որոնք այսօր արդեն կառավարությունում քննարկում են, շուրջ 210 միլիարդ դրամի բազմաբնույթ ծրագրեր են: Մարտի 15-ին ռազմավարությունները բոլորը կընդունվեն կառավարության կողմից, հիմա դրված են նախարարություններում շրջանառության մեջ: Հունիսին մենք կունենանք առաջին գործառնական ծրագրերը՝ մարզերի հետ կապված և հավանական ենք համարում, որ շուտով կունենանք նաև Եվրամիության աջակցությունը տարածքների համաչափ զարգացման բյուջետային ֆինանսավորման կտորով»,- ամփոփել է նախարարը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության օրակարգային առաջնահերթությունների, ծրագրերի և դրանց իրականացման ուղղությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքի մասին փետրվարի 23-ին զեկուցել է նախարար Դավիթ Լոքյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում