Ադրբեջանում լրագրողների ճնշումները շարունակվում են. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպություն

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ադրբեջանցի լրագրող-խմբագիր Էլչին Իսմայիլլի ձերբակալության փաստի վերաբերյալ մտահոգություն է հայտնել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azadliq.org-ը:

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ ներկայումս Ադրբեջանում շինծու մեղադրանքներով ձերբակալված է 12 լրագրող և բլոգեր:

«Փետրվարի 17-ին ադրբեջանական դատարանը Իսմայիլլիի համար սահմանել է 24 օր ազատազրկման պատիժ: Դատախազությունը այս լրագրողին մեղադրանք է ներկայացրել շորթման և շանտաժի հատկանիշներով, ինչը իրականությանը չի համապատասխանում»,-ասված է հայտարարության մեջ:

Կազմակերպությունը գտնում է, որ օտարերկրյա լրագրողները պետք է արձագանքեն Ադրբեջանում լրագրողների անօրինական ձերբակալությունների հանգամանքին:

«Ադրբեջանի իշխանությունները անտեսում են մարդու իրավունքների շուրջ իրենց իսկ ստորագրած պարտավորություններև և միջազգային հանրությունը պետք է արձագանքի դրան»,– շեշտված է հայտարարության մեջ:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարության մեջ հիշատակվում է նաև, որ Ադրբեջանը մամուլի ազատության ինդեքսում զբաղեցնում է 180 երկրներից 163-րդ տեղը:

Ադրբեջանի իշխանությունները, սակայն ամեն կերպ փորձում են ծածկել լրագրողների և ընդիմադիրների` իրենց կատարած գրառումների կամ արտահայտած մտքերի պատճառով ձերբակալվելու հանգամանքը: Ադրբեջանի կառավարությունը փաստում է, որ նրանք ձերբակալվել են կատարած հանցանքների պատճառով, սակայն դա չի համապատասխանում իրականությանը:

Կազմակերպությունը շեշտում է նաև, որ կան լրագրողներ, որոնք պատժից խուսափելու համար հեռացել են Ադրբեջանից, բայց եթե նույնիսկ արտերկրից նրանք շարունակեն քննադատական գործունեությամբ զբաղվել, իշխանությունները կձերբակալեն նրանց երկրում գտնվող հարազատներին, ինչը մարդու իրավունքների ծայրահեղ խախտում է:

Իրականում լրագրողը ձերբակալվել է իշխանության ներկայացուցիչների անօրինական գործունեությունը բացահայտող հոդվածներ գրելու համար:

Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, լրագրողների անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության մեղադրանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում