Իրաքյան Քրդստանի ղեկավարն ընդգծել է անկախության շուրջ հանրաքվե անցկացնելու ինքնավարության իրավունքը

Իրաքյան Քրդստանը վաղ թե ուշ հանրաքվե կանցկացնի անկախության շուրջ՝ նույնիսկ առանց Բաղդադի հավանության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Frankfurter Allgemeine Zeitung գերմանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է այդ ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին: 

«Հանրաքվեն մեր ազգային իրավունքն է,- ասել է նա:- Ես չեմ կարծում, որ Բաղդադը կարգելափակի ժողովրդի այդ իրավունքը, իսկ եթե նա դա անի, ապա մեզ դա, միեւնույն է, չի կանգնեցնի»: Բարզանիի խոսքով, Իրաքյան Քրդստանի ժողովուրդը անկախության հանրաքվե անցկացնելու «բնական իրավունք» ունի:

Իրաքյան Քրդստանը, հակառակ Արեւմուտքի հորդորներին, վերջին տարիներին քանիցս ազդարարել է իր անկախության շուրջ հանրահարցում անցկացնելու մտադրության մասին: Դրա հնարավորության մասին Բարզանին հայտարարել է տակավին 2014 թվականի հուլիսի 1-ին: Մեկ տարի անց նա, ելույթ ունենալով Վաշինգտոնում, ասել է, որ հանրաքվեն կկայանա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտական գործողությունների հաջող ավարտից հետո, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում