Թուրքական հեղինակավոր պարբերականը ծաղրել է Մեհրիբան Ալիևայի նոր նշանակումը

Թուրքական լրատվամիջոցները սկսել են խիստ հեգնական խոսել Ադրբեջանում տիրող կարգերի, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությունների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականն անդրադարձել է նախագահի կողմից իր կնոջը` Մեհրիբան Ալիևային երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու փաստին:

«Կնոջը փոխնախագահ դարձրեց, իրեն քննադատող հեռուստաալիքը փակեց… Ալիևից Թուրքիային «նախագահական համակարգի» վերաբերյալ ուղերձ». նման խորագրով է լուրը հաղորդել թուրքական պարբերականը:

Լրատվամիջոցը նշել է, որ օրերս Բաքու այցելած Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը շնորհավորանքներն էր հայտնել Մեհրիբան Ալիևային նոր պաշտոնում նշանակելու առնչությամբ: Իր հերթին Ալիևը հույս էր հայտնել, որ Թուրքիայում նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դրական արդյունք կտա:

Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե: Փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:

Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում