ՀՀԿ նախընտրական քարոզչությունը կանցկացվի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով

2017 թ-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության նշանաբանը կլինի «Անվտանգություն և առաջընթաց»: Այս մասին փետրվարի 23-ին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը հանրության դատին կներկայացվի մարտի 5-ին:

«Ծրագիրն արդեն հաստատվել է և կուսակցության նախընտրական քարոզչությունը կանցկացվի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով»,- ասել է ՀՀԿ խոսնակը, նշում է Panorama.am-ը:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նիստի ընթացքում քննարկել են ՀՀԿ քարոզչական փաթեթի հետ կապված հարցեր, կուսակցությունը նաև որոշել է իրականացնել ակտիվ քարոզարշավ: ՀՀԿ-ն, ըստ նրա, կօգտվի ընդունված բոլոր միջոցներից:
Նրա խոսքերով՝ քարոզչության հիմքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդումը, ինչպես նաև «տնտեսական առաջընթացի ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումը»:

«Մեզ համար Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը մնում է անվտանգությունը: Անվտանգության ամրապնդումը յուրաքանչյուր քաղաքացուն հուզող խնդիր է, և մենք՝ որպես պատասխանատու քաղաքական ուժ, որի համար անվտանգությունը կարևոր արժեք է, պետք է պահպանենք մեր ազգային անվտանգությունը, քանի որ առանց ուժեղ անվտանգության համակարգի դժվար թե կարողանանք խոսել այլ ոլորտներում զարգացումներից»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում