Լապշինի նոր փաստաբանը այցելել է նրան

Բաքվի թիվ մեկ քրեակատարողական հիմնարկում ազատազրկված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը փետրվարի 24-ին հանդիպել է իր նոր փաստաբանին` Էդվարդ Չերնինին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Հանդիպումից հետո Լապշինի փաստաբանը հայտնել է, որ բլոգերը չի դժգոհել բանտային պայմաններից և առողջական վիճակից:

Փետրվարի 23-ին Լապշինին այցելել էր նաև մայրը`Բելլա Լապշինան, ով նաև պայմանագիր էր կնքել որդու նոր փաստաբանի հետ:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում