«Ազատ դեմոկրատներն» ու կոմունիստներն ունեն խորհրդարանական շեմը հաղթահարելու քիչ հավանականություն. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը վերլուծում է ստեղծված ներքին քաղաքական դաշտը՝ կանխատեսելով, թե որ ուժերը կլինեն առաջիկա ընտրություններում: Նա բաժանում է ուժերը չորս խմբերի:

«Առաջինում այն քաղաքական ուժերն են, որոնք օրվա իշխանությունն են կազմում, տվյալ պարագայում խոսքը այն կուսակցությունների կամ ուժերի մասին է, որոնք իշխանություն են, ունեն հավանականություն հաղթահարելու համապատասխան շեմը: Դրանք «Հանրապետական» և «Դաշնակցություն» կուսակցություններն են: Երկրորդ պայմանական խումբն այն ուժերն են, որոնք մի կողմից կազմում են ընդդիմություն, միաժամանակ ունեն հարաբերականորեն բարձր շանսեր համապատասխան շեմը հաղթահարելու համար: Այս խմբի մեջ կարելի է դասել երեք հիմնական ուժերի՝ «Ծառուկյան», «Ելք» դաշինքներն ու «Հայկական վերածնունդ» կուսակցությունը»,– նշեց քաղաքագետը:

Երրորդ խմբում քաղաքագետը միավորեց այն քաղաքական ուժերին, որոնք պայքարելու են շեմը հաղթահարելու համար և միաժամանակ հանդես են գալիս որպես ընդդիմություն: Խոսքը ՀԱԿ-ի եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մասին է:

«Պարզ է, որ դաշինքում կա կուսակցական ռեսուրս. դա այն է, ինչ մնացել է «Ժառանգություն» կուսակցությունից: Այս դաշինքում անձնավորվածության հարցը բավականին բարձր է, բայց դա չի նշանակում, որ Օհանյանի եւ Օսկանյանի ներկայացրած կառույցներն ունեն լայնամասշտաբ ներկայացուցչություն ամբողջ Հայաստանում: Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք մարդիկ գնալո՞ւ են կոնկրետ մարդկանց, թե ծրագրերի հետեւից, քանի որ այստեղ տեսնում ենք անձանց դաշինք կուսակցական որոշ երանգներով»,-ասաց Ալեքսանդր Մարկարովը:

Քաղաքագետի խոսքով՝ վերջին խմբում, հավանաբար, կհայտնվեն այն ուժերը, որոնց մոտ շեմը հաղթահարելու հավանականությունը փոքր է: Դրանք «Ազատ դեմոկրատներն» են եւ կոմունիստները:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում