Թուրք-իրանական հարաբերությունների սրացումը թուրքագետը կապում է տարածաշրջանում ուժային վերաբաշխման հետ

Թուրքիայի և Իրանի հարաբերությունների սրացումը պայմանավորված է տարածաշրջանում ուժային դերակատարության և վերաբաշխման գործոնով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

«Վերջին տարիներին թուրք-իրանական հարաբերությունները զարգացում ապրեցին հատկապես էներգետիկ ոլորտում: Տարածաշրջանի շահերի բախումը երկու պետությունները փորձել են կոմպենսացնել հենց այդ համագործակցության շրջանակներում: Սակայն սիրիական և իրաքյան հակամարտություններում շահերի բախումը բավական ցայտուն դրսևորվեց, և երկու պետությունների մոտեցումների ընդհանուր ձևակերպումներ գտնելու փորձը անհաջողության մատնվեց»,– ասաց թուրքագետը:

Թուրքագետը չի կարծում, որ թուրք-իրանական հարաբերությունների վատթարացումը կհանգեցնի ուղղակի բախումների, այնուամենայնիվ, թուրքագետը չի բացառում անուղղակի բախումները սիրիական և իրաքյան հակամարտությունների թատերաբեմում:

Ըստ Հովսեփյանի՝ տարածաշրջանում նոր զարգացումները կապված են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ծրագրերի հետ:

«Որոշակի ազդակներ կան, որ Միացյալ Նահանգները փորձում է ձևավորել հակաիրանական կոալիցիա: Թուրք-իրանական հարաբերությունների սրացմանը նպաստել է նաև այս հանգամանքը»,– ասաց թուրքագետը և հավելեց, որ չի բացառում Ադրբեջանի ընդգրկումն այդ կոալիցիայում:

Հովսեփյանի խոսքով՝ այս հարաբերությունների սրացումը էական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի և Արցախի վրա:

«Հայաստանն այս պարագայում պետք է իրականացնի իր բոլոր ծրագրերը Իրանի հետ, թե հաղորդակցման ոլորտում: Իրանը վերանայում է կոմունիկացիոն կապի իր քաղաքականությունը, և Հայաստանը այստեղ կարող է կարևոր դերակատարություն ստանձնել»,- ընդգծեց Հովսեփյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում