Քարվաճառը շուտով խմելու և ոռոգման շուրջօրյա ջրամատակարարում կունենա. շրջվարչակազմի ղեկավար

Քարվաճառը շուտով խմելու և ոռոգման շուրջօրյա ջրամատակարարում կունենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը և նշել, որ քաղաքը շուտով կունենա ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման շուրջօրյա ջրամատակարարում: «Ծրագիրը ֆինանսավորվում է պետական բյուջեից: 2016 թվականին Քարվաճառ քաղաքի վերին գոտում կառուցվել են 3 ջրավազան, որոնցում հավաքվում և ֆիլտրացվում են աղբյուրների ջրերը: Ընդհանուր ջրագիծը կազմում է 18 կիլոմետր, որի մոտ 2.3 կիլոմետրում աշխատանքներն արդեն ավարտվել են, մյուս հատվածներում շարունակվելու են մարտի կեսերից»,– ասել է Կ. Եղիշյանը և հավելել, որ աշխատանքների ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով:

Շահումյանի շրջվարչակազմի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ամռանն արդեն քաղաքը խմելու և ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չի ունենա, քանի որ ամբողջ ջրագծի աշխատանքների ավարտը նախատեսվում է մայիսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում