Օբամային ցանկանում են առաջադրել Ֆրանսիայի նախագահի թեկնածու. ABC News

ԱՄՆ-ի նախկին ղեկավար Բարաք Օբամայի ֆրանսիացի երկրպագուները ցանկանում են հասնել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում նրա թեկնածության առաջադրման, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC News-ին:

Ակտիվիստները Փարիզով մեկ կախել են պլակատներ՝ “Obama17” մակագրությամբ եւ համանուն վեբ-կայք այցելելու կոչով: Ընդ որում այնտեղ կարելի է ստորագրել հանրագիր, որը կոչված է «Օբամային համոզել» մասնակցելու ընտրություններին:

Ակտիվիստների նպատակը մեկ միլիոն ստորագրություն հավաքելն է:

«Այն ժամանակ, երբ Ֆրանսիան պատրաստվում է զանգվածաբար քվեարկել աջ ծայրահեղական թեկնածուի օգտին, մենք դեռ կարող ենք այս առումով ժողովրդավարության դաս տալ՝ նախագահ ընտրելով օտարերկրացու»,– ասված է կայքի հաղորդագրության մեջ:

ABC News-ն ուշադրություն է հրավիրում առնվազն մեկ էական խոչընդոտի վրա, որը կարող է ակտիվիստներին խանգարել իրենց նախաձեռնության հարցում: «Այս ամենը շատ լավ է հնչում, բայց մի խնդիր կա: Ֆրանսիայի նախագահը պետք է, որ ֆրանսիացի լինի: Իսկ Օբաման ֆրանսիացի չէ»,- գրել է հրատարակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում