Պետական օժանդակություն տրամադրվելու է ելնելով համայնքի նախաձեռնողականությունից. նախարար Լոքյան

Համայնքների ղեկավարները Հայաստանում շատ կարևոր օղակ են ընդհանուր պետության կառուցվածքում։ Այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովի ընթացքում՝ հույս հայտնելով, որ համայնքապետերն իրենց կարևորությունը կպահեն նաև առաջիկայում։ «Երևանի, Գյումրու, Վանաձորի եւ այլ քաղաքների ղեկավարները հավասար իրավունքներով Հայաստանի ամենափոքր համայնքների ղեկավարների հետ միասին քննարկելու են իրենց իրավունքներն ու պարտականությունները։ Դուք հավասարապես մասնակցում եք երկրի ամենակարևոր ու ժողովրդավարական պրոցեսներից մեկին՝ տարածքային ինքնակառավարման մարմինների կայացմանը։ Մենք ՏԻՄ ոլորտում ունենք բավականին մեծ հաջողություններ, կայացած համայնքներ, որտեղ ինքնուրույնությունը բավականին մեծ է։ Դրանում իր մեծ դերակատարությունն ունեն Հայաստանի համայնքների միությունը՝ 100 անձանցից բաղկացած իր խորհրդով։ Այն ամեն օր փորձում է պ աշտպանել յուրաքանչյուր համայնք, կառուցողական ու կառավարելի դարձնել ամեն մի համայնքի համար պետության հետ ունեցած հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը։

Լոքյանի համոզմամբ՝ երկրի զարգացման հիմնական մեխը համայնքներն են։ Եթե չլինեն լավ համայնքներ, չեն լինի լավ տեղական ինքնակառավարում ու լավագույն ծառայություններ ազգաբնակչության համար։

«Այսօր մեր երկրում առաջին պաշտոնյան, ով շփվում է քաղաքացու հետ, համայնքի ղեկավարն է, և նրանք են կրում բոլոր խնդիրների առաջին ալիքը։ Ձեր հնարավորությունների սղությունը և նեղ սահմանները թույլ չեն տալիս լուծել համայնքների բազմապիսի խնդիրները՝ զգալիորեն մեծացնելով քաղաքացիներին մատուցվող ծառայության մակարդակը»,– շեշտեց Դավիթ Լոքյանը։

Նախարարն ընդգծեց, որ Համայնքների միության գործունեությունը երկրում չպետք է միակողմանի լինի։ Հայաստանը, կրելով իր բազմաթիվ դժվարությունները, չի փորձում սեղմել ու նեղացնել համայնքային բյուջեները՝ հաշվի առնելով նաև, որ ՀՀ պետական բյուջեի 4 տոկոսը համայնքներին տրվող համահարթեցման դոտացիաներն են։

«Մենք ունենք մի կարևոր խնդիր՝ շատ թույլ վերաբերմունք ենք ցուցաբերում սեփական եկամուտների ապահովման նկատմամբ։ Համայնքապետերի բացարձակ մեծամասնությունը դժվարությամբ է ցանկություն հայտնում՝ մեծացնելու իր ղեկավարած համայնքի սեփական եկամուտները։ Իսկ մեր համայնքներն ունեն ռեսուրսներ, և երբ համայնքապետը ցանկանում է, կարողանում է մեծացնել սեփական եկամուտների մուտքը։ Մենք պետք է կարողանանք սա հստակ հասկանալի դարձնել մեր քաղաքացիներին, որպեսզի համայնքները զարգանան, որպեսզի համայնքը ոչ թե գոյատևի պետական դոտացիաներով, այլ ապահովի իր սեփական կայուն եկամուտները, որպեսզի քաղաքացին էլ մշտապես դժգոհ չլինի,- ասաց Լոքյանն ու նշեց, որ կարծում է՝ Համայնքների միությունն այն կառույցն է, որը պետք է այս խնդիրներն առաջիկայում քննարկի,- Խնդիրը պետք է համայնքապետերի կողմից ինքնակամ լուծում ստանա, դուք ինքներդ պետք է որոշեք ու գտնեք ճանապարհը»։

Լոքյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ համայնքին պետական օժանդակություն տրամադրվելու է՝ ելնելով նրանից, թե տվյալ համայնքն ինչպիսի նախաձեռնողականություն է ցուցաբերում։ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի խոսքով՝ եթե համայնքը չունի տեսլական, չի ցանկանում քաղաքացիներին ծառայություն մատուցել, բնականաբար, պետությունը չի ապահովելու ֆինանսավորում։ Բոլոր համայնքների ղեկավարները, մարզպետների մասնակցությամբ, առաջիկայում կառավարությանն են ներկայացնելու որոշակի խնդիրներ, որպեսզի հասկանալ ի դառնա իրենց մասնակցությունը այդ խնդիրների լուծմանն ու պետությունն օժանդակի համայնքներին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում