Իրանը պայմանավորվել է Ռուսաստանի հետ միջուկային վառելիքի արտադրության հարցում

Իրանի և Ռուսաստանի իշխանությունները հավանություն են տվել միջուկային վառելիքի համատեղ արտադրության «ճանապարհային քարտեզին»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ, ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«Ատոմի հարցերով բանակցությունների շրջանակում քննարկված օգտակար կետերից ամենակարևորը եղել է ՌԴ-ի և Իրանի համատեղ միջուկային վառելիքի արտադրությունը: Մենք խոսել ենք այն մասին, որ այդ ոլորտում ունենք Ռուսաստանի օգնության կարիքը»,– ասել է Սալեհին:

Ուշադրություն հրավիրելով իրանական ատոմի ոլորտում ՌԴ մասնակցության և փորձի վրա՝ Սալեհին ընդգծել է, որ հաջողվել է պայմանավորվել Ռուսաստանի հետ երկար խորհրդատվությունների արդյունքում: «Այդպիսով, երկար և ինտենսիվ բանակցություններից հետո, որոնք տևել են ավելի քանի երկու տարի, մեր փոխադարձ ըմբռնումը հանգել է ճանապարհային քարտեզի»,- ասել է Սալեհին՝ հիշատակելով նաև իր տեղակալ Բեհրուզ Կամալիվանդիի հունվարյան այցը Մոսկվա:

«Պարոն Կամալիվանդին իր վերջին Ռուսաստան այցի ընթացքում կազմել է այդ ճանապարհային քարտեզը: Պետք է նշել, որ այդ քարտեզը հաստատվել է երկու երկրների իշխանությունների կողմից»,– նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում