ՀՀ ԿԲ-ն գնաճի շեղման ռիսկերը 2017 թվականին գնահատում է նվազման ուղղությամբ

2017 թվականից համաշխարհային տնտեսության աճի տեմպերը որոշ չափով կարագանան, իսկ միջազգային ապրանքային շուկաներում, բացառությամբ հացահատիկի շուկայի, կշարունակվեն գնաճային զարգացումները: Այնուամենայնիվ, կանխատեսվող հորիզոնում Հայաստանի համար արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված գնաճի հաշվետվությունը:

2017 թվականին տնտեսական աճի տեմպերը կարագանան` հիմնականում պայմանավորված ՀՀ տնտեսությունում ակնկալվող ներքին պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, արտահանմանն ու ներդրումների խթանմանն ուղղված կառավարության մի շարք արդյունավետ ծրագրերի իրագործմամբ: Արդյունքում, 2017 թվականին ակնկալվում է 2.2-3.2 տոկոս տնտեսական աճ, որը պահանջարկի տեսանկյունից կապահովի մասնավոր սպառման 1.7 տոկոս, մասնավոր ներդրումների 3 տոկոս աճի, ինչպես նաև զուտ արտահանման հաշվին, որի կազմում ապրանքների և ծառայությունների արտահանման աճը կանխատեսվում է 5-7 տոկոսի միջակայքում, իսկ ապրանքների և ծառայությունների ներմուծման աճը` 0-2 տոկոս միջակայքում: Միաժամանակ, տարվա ընթացքում, նախորդ տարվա համեմատ, ակնկալվում է համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության 3 զսպող ազդեցություն: Առաջարկի տեսանկյունից տնտեսական աճին կնպաստի արդյունավետության և գյուղատնտեսության ճյուղերի աճը:

Այսպիսով` կանխատեսվող հորիզոնում, մինչև 2018 թվականի սկիզբ, ներքին գների վրա ներքին պահանջարկի գնանկումային ազդեցությունն աստիճանաբար կթուլանա, իսկ այնուհետև` մինչև կանխատեսվող հորիզոնի վերջ, կվերածվի գնաճայինի:

Կանխատեսված ցուցանիշից գնաճի շեղման ռիսկերն, ընդհանուր առմամբ գնահատվում են նվազման ուղղությամբ թե կարճաժամկետ, թե միջնաժամկետ հատվածում: Ներքին տնտեսությունից բխող ռիսկերը գնահատվում են գնանկումային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում