Օլանդը Թրամփին հորդորել է բարեկամ երկրի նկատմամբ չցուցաբերել անվստահություն

 Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին կոչ է արել Ֆրանսիային չվերաբերվել անվստահությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Թրամփն ուրբաթօրյա ելույթներից մեկում հիշատակել է իր ընկել Ջիմին, ով 5 տարի չի այցելում Փարիզ, քանի որ «Փարիզն այլևս Փարիզը չէ», չնայած նա նախկինում պարբերաբար այցելել է:

«Անգամ փոքր անվստահության ցուցադրությունը բարեկամ երկրի նկատմամբ լավ չէ…Դա այն չէ, որ ես անում եմ բարեկամ երկրի նկատմամբ, և ես կոչ եմ անում ԱՄՆ նախագահին այդպես չանել Ֆրանսիայի նկատմամբ»,- Օլանդի խոսքն է մեջբերել գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդին արձագանքել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Նա լուսանկարվել է Միկի Մաուսի և նրա ընկերուհի Մինիի հետ ու այն տեղադրել թվիթերյան իր միկրոբլոգում, որպեսզի հերքի Թրամփի՝ Փարիզի կողմից զբոսաշրջային հետաքրքրություները կորցնելու մասին խոսքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում