Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները բախումների հետևանքով լքել են բնակավայրերը

Ադրբեջանական Աղդամի շրջանի Ղարաղաշլու գյուղի բնակիչները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած բախումների հետևանքով ստիպված են եղել լքել իրենց բնակավայրը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը` հիմնվելով սոցցանցերի Ադրբեջանցի օգտատերերի գրառումների վրա:

«Ադրբեջանական գյուղերի բնակիչների փախուստը ՀՀ և Արցախի սահմանագծին ցանկացած սրացման դեպքում արդեն վաղուց քրոնիկ բնույթ է կրում:

Մինչ, այսպես կոչված, Աղդամի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը ադրբեջանական բոլոր հնարավոր խողովակներով կոկորդ է պատռում, թե այդ տարածքի գյուղերի բնակիչները չեն լքել սեփական տները, ադրբեջանական սոցցանցերում պարբերաբար տեղեկատվություն է սպրդում սահմանամերձ գյուղերի դատարակման մասին:

Մասնավորապես հենց նույն, այսպես կոչված, Աղդամի շրջանի Ղարաղաշլու գյուղի բնակիչը տեղեկացրել է, որ գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով իրենք ստիպված են եղել լքել այս բնակավայրը»,- գրել է Ոսկանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում