Երևանում կայացավ Ստեփանակերտի շրջափակման մասին պատմող «Պաշարվածները» ֆիլմի պրեմիերան

Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան կայացավ փետրվարի 25-ին Երևանում։ Այն նկարահանվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ։ Ֆիլմը ներկայացնում է փաստեր 1991-1992թթ. Ստեփանակերտի պաշարման, ապա՝ Շուշիի, հետագայում նաև Լաչինի ազատագրման մասին։

«Ֆիլմը պատմում է այդ տարիներին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների, Արցախի և մայրաքաղաք Ստեփանակերտի պաշարման արդյունքում ստեղծված իրավիճակի, հումանիտար աղետի պայմաններում ստեփանակերտցիների առօրյա կյանքի և պաշարումը ճեղքելու մասին։ Շուշիի ազատագրումից հետո միայն Ստեփանակերտն ապաշրջափակվեց, և մարդիկ կարողացան ապրել շատ ավելի հանգիստ պայմաններում։ Ֆիլմում նաև ներկայացված է, թե ինչ էր տեղի ունենում և ինչպես էին մարդիկ գոյատևում։ Այստեղ բացարձակապես չկա հեղինակային տեքստ՝ ամբողջությամբ ցուցադրվում է ականատեսների վկայությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ֆիլմի համահեղինակ Արմեն Մինասյանը ու հավելեց, որ այս թեմային անդրադառնալն ունեցել է երեք պատճառ։

Նրա խոսքով, առաջին պատճառն այն է, որ տարեցտարի Ադրբեջանն ավելի է ահագնացնում շահարկումները, կապված Խոջալուի իրադարձությունների, Աղդամի մոտակայքում տեղի ունեցած դեպքերի շուրջ։ «Քանի որ Խոջալու բնակավայրի ազատագրումը անմիջականորեն կապված էր Ստեփանակերտի ապաշրջափակման հետ, իսկ 25 տարի առաջ հենց այս օրը սկսվեց այդ գործողությունը, մենք որոշեցինք անդրադառնալ թեմային, որպեսզի պարզ լինեն բոլոր նախադրյալները, որոնք պատճառ են հանդիսացել բոլոր թվարկված բնակավայրերի ազատագրման համար»,- ասաց նա։

Երկրորդ պատճառի մասին խոսելով՝ Մինասյանն ասաց, որ արդեն տևական ժամանակ է՝ մոտ 10 տարի, իրենք փորձում էին անդրադառնալ թեմային, բայց չկային կադրեր, փաստեր, կային միայն ականատեսների վկայություններ։

«Վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնին հաջողվել է հավաքել բավականին մեծ քանակությամբ արխիվային կադրեր 90-ականներից։ Կադրեր կային նաև Ստեփանակերտից և այլ բնակավայրերից, ինչն էլ մեզ հնարավորություն տվեց արդեն այս տարի անդրադառնալ թեմային։ Երրորդ կարևոր գործոնը, որ պատճառ է հանդիսացել՝ մեր և միջազգային հանրության կողմից հակամարտության ընկալումն է»,- ընդգծեց ֆիլմի համահեղինակը։

«Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի մյուս համահեղինակը՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ նա եղել է այդ դեպքերի ականատեսը. մարդ, ով այդ տարիներին ապրել է ֆիլմում ցուցադրված Ստեփանակերտում։

«Ըստ էության, մենք ձեզ ներկայացնում ենք մի իրավիճակ, որը շարունակական է և մինչ օրս մեր իրականության անբաժան մասն է։ Խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության բնաջնջելու մարտավարությանը, որը 1991-1992 թթ. տապալվեց, քանի որ հաջողվել էր ճեղքել շրջափակումը»,- շեշտեց Մելիք-Շահնազարյանը։

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր Արցախյան ինքնապաշտպանական զորքերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ ֆիլմը շատ կարևոր է հանրության համար, որպեսզի բոլորը հստակ իմանան, թե ինչ է իրականում տեղի ունեցել։

«Մենք անցել ենք այդ ամենի միջով, և մեզ թվում է, թե բոլորը գիտեն դրա մասին։ Սակայն, երբ շփվում ես երիտասարդների հետ, նրանք այլ կերպ են պատկերացում իրականությունը։ Այս ֆիլմը դիտելուց հետո շատ մարդ կհասկանա, թե իրավիճակը շտկելու համար ինչ է պետք։ Մենք հիմա անհամեմատ շատ ավելի լավ վիճակում ենք, քանի որ ունենք զենք ու մարտունակ բանակ»,- նշեց Կարապետյանը։

Ֆիլմի հեղինակների խոսքով՝ շուտով այն կցուցադրվի հեռուստատեսությամբ և կթարգմանվի մի քանի լեզուներով՝ միջազգային հանրությանը ավելի հասանելի դարձնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում