Ճանապարհային ոստիկանությունը մեկ օրում մեքենաների համարանիշերը թաքցնելու տասնյակից ավելի դեպք է բացահայտել

ՀՀ ճանապարհային ոստիկանության արձանագրված փաստերի համաձայն՝ վերջին շրջանում նկատելի են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներից ու արագաչափ սարքերից, այսպես ասած, խուսանավելու դեպքեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որոշ «հնարամիտ» վարորդներ հիշյալ սարքերի «աչքին չերևալու» նպատակով դիմում են ամենատարբեր միջոցների, որպեսզի համարները չերևան, սարքերը չարձանագրեն, իսկ իրենք էլ խուսափեն տուգանքներից:

Վերջին շրջանում բացահայտվել են համարանիշները ձյունով, տերևով, լազերային սկավառակով, ստվարաթղթով, այցեքարտով, քարշակի պարանով փակելու կամ էլ պարզապես ցեխոտելու դեպքեր: Շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ընդամենը երկու ժամում բացահայտվել է համանման մեկ տասնյակի հասնող դեպք:

Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ ևս զգուշացնում է՝ ձեռնպահ մնալ անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերից և այլևայլ «հնարամտություններ» բանեցնելուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում