Յըլդըրըմը Թուրքիայի 50 նահանգում հանրահավաք կանցկացնի

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախատեսվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ հանրահավաքներ կկազմակերպի երկրի շուրջ 50 նահանգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հայտնի է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուղեկցի Յըլդըրըմին 6 նահանգում` Չանաքքալեում, Դիարբեքիրում, Կայսերիում, Անկարայում, Իզմիրում և Ստամբուլում:

Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:

Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում