Դիակների տարհանումը չի իրականացվել ադրբեջանական կողմի մեղքով. Արցախի ՊՆ

Ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ԱԽ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Այսօր՝ փետրվարի 27-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջապես հրապարակել է փետրվարի 25-ի առավոտյան արցախյան դիրքերի ուղղությամբ ձեռնարկված հարձակողական գործողությունների արդյունքում չեզոք գոտում հայտնված իր զոհերի անունները՝ չմոռնալով հիշատակել, որ «դիակների տարհանման գործընթացին խոչընդոտել է արցախյան կողմը՝ նոր պահանջներ առաջ քաշելով»:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ փետրվարի 25-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մի ջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փետրվարի 26-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ, պետք է տեղի ունենար չեզոք գոտում հայտնված ադրբեջանական դիակների դուրս բերման գործընթացը: Սակայն երեկ ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում