Իրանը նորագույն թեւավոր հրթիռ է փորձարկել Հնդկական օվկիանոսում անցկացվող զորավարժություններում

Իրանական զորքերը երկրի ռազմածովային ուժերի ընդգրկուն զորավարժությունների շրջանակներում փորձարկել են «Նասր» նորագույն թեւավոր հրթիռը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Press TV հեռուստաալիքին:

«Իրանական ուժերը փորձարկել են «Նասր» նորագույն թեւավոր հրթիռը երկրի հարավում տեղի ունեցած հիմնական ռազմածովային զորավարժությունների ժամանակ»,– ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի ռազմածովային ուժերը «Վելայաթ-95» խոշորամասշտաբ զորավարժություններ են սկսել Հնդկական օվկիանոսի հյուսիսում: Զորավարժությունները մեկնարկել են փետրվարի 26-ի առավոտյան Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դեր-ծովակալ Հաբիբուլա Սայարիի հրամանով: Զորավարժությունների անցկացման գոտին ընդգրկում է մոտավորապես երկու միլիոն քառակուսի կիլոմետր:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Սայարին, «Վելայաթ-95» ռազմածովային զորավարժությունները ենթադրում են մարտավարական մանյովրների, հետախուզական գործողության անցկացում, հրթիռների եւ տորպեդների արձակում, ինչպես նաեւ փրկարարական գործողություն:

Զորավարժությունների ժամանակ մարտավարական նշանակության պաշտպանական գործողության շրջանակներում օգտագործվում է ռազմական տեխնիկա, ներառյալ իրանական արտադրության սուզանավեր եւ ուղղաթիռներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում