Գերմանացիների ավելի քան 40 տոկոսը կցանկանար Շուլցին տեսնել ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնում. Spiegel

Գերմանիայի բնակիչների ավելի քան 40 տոկոսը կցանկանար ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնում տեսնել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ԳՍԴԿ) ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնի թեկնածու Մարտին Շուլցին, այլ ոչ թե գործող կանցլեր Անգելա Մերկալին, որը ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքի ղեկավարն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են նոր հարցման տվյալները, որը Spiegel հանդեսի համար անցկացրել է Civey հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտը: 

Հարցման մասնակիցներին առաջարկվել էր ընտրություն կատարել Շուլցի եւ Մերկելի միջեւ: Ուսումնասիրության արդյունքների համաձայն, հարցվածների 43,5 տոկոսը նախընտրել է, որ Բունդեսթագի ընտրություններից հետո Գերմանիայի կանցլեր դառնա Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը: Մերկելի օգտին արտահայտվել է մասնակիցների 37,9 տոկոսը: Գրեթե 19 տոկոսը չի կարողացել կողմնորոշվել երկու թեկնածուների հարցում:

Առավել մեծ աջակցությունը Շուլցն ստացել է «Ձախերի» (74 տոկոս) եւ «Կանաչների» (65 տոկոս) կողմնակիցներից: Ազատ դեմոկրատական կուսակցության (ԱԴԿ) կողմնակիցները, ընդհակառակը, նախընտրել են Մերկելին (53 տոկոս): «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հետեւորդների ճնշող մեծամասնությունը չի կարողացել ընտրել առաջարկված տարբերակներից որեւէ մեկը (63 տոկոս), իսկ նրանց 19 տոկոսը, որոնք, այնուամենայնիվ, կարողացել են կողմնորոշվել, նախապատվությունը տվել է Մերկելին, 17,6 տոկոսը՝ Շուլցին:

Առցանց-հարցումն անցկացվել է 2017 թվականի փետրվարի 17-ից մինչեւ 26-ը: Հետազոտությանը մասնակցել է շուրջ 5 հազար մարդ, վիճակագրական անճշտությունն ընդհանուր արդյունքի համար կազմում է 2,5 տոկոս:

Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 24-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում