ԱԺ պատգամավորները Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն կներկայացնեն դատախազություն

Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը ստորագրահավաք են սկսել անցած տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինված խմբին հաց տարած Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ գլխավոր դատախազություն դիմելու համար: Ազգային ժողովի նիստի ընթացքում այս մասին հայտնեց Էդմոն Մարուքյանը: «Ես և Նիկոլ Փաշինյանն ա յսօր այցելել ենք դատապարտյալների հիվանդանոց, տեսակցել Արթուր Սարգսյանին: Նա արդեն 17 օր հացադուլի մեջ է, և նրա վիճակը շատ ծանր է: Մենք գտնում ենք, որ նրան այդ ծանր վիճակից հանելու միակ միջոցը խափանման միջոցը փոխելն: Մենք միջնորդություն ենք պատրաստում, որը կներկայացնենք դատախազություն՝ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու հարցով: Բոլոր այն պատգամավորները, ովքեր ցանկանում են միանալ, կարող են ընդմիջմանը դիմել մեզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մարուքյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, արձագանքելով Էդմոն Մարուքյանին, ողջունեց այդ նախաձեռնությունը և հայտնեց, որ ինքը միանալու է ստորագրահավաքին: Ստորագրահավաքին միանալու մասին հայտարարեց նաև ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ հայտնելով, որ կմիանան ՕԵԿ խմբակցության բոլոր պատգամավորները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում