Արմեն Աշոտյանը խոստանում է բաց պատասխան տալ նրանց, ովքեր կփորձեն քաղաքական դաշտը վերածել թշնամանքի

Առաջիկա նախընտրական քարոզարշավի ընթացքում Հանրապետական կուսակցությունը սեւեռվելու է բացառապես սեփական տեսակետներն ու մոտեցումները ներկայացնելու վրա: լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Չենք խուսափելու հնարավոր հանրային բանավեճերից, ողջունելու ենք մասնագիտական բանավեճերը այս կամ ոլորտի շուրջ: Չենք աշխատելու քարոզարշավային այն տեխնոլոգիաներով, որոնք քաղաքականությունը տանում են դեպի անձնավորված պիտակավորումների: Փորձելու ենք գնալ դեպի երկրի զարգացում, այլ ոչ թե բեւեռացում: Կցանկանայի, որ բոլոր քաղաքական ուժերն այդպես վարվեին եւ սեփական «ես»-ը մեծացնելու համար չօգտագործեին դիմացինին փնովելու, պիտակավորելու, մանիպուլյացիաների տեխնոլոգիաները»,-ասաց նա:

Կուսակցության փոխնախագահի խոսքով՝ այլ քաղաքական ուժերի կողմից յուրաքանչյուր նման փորձի դեպքում կտրվի համապատասխան պատասխան:

«Մենք բաց պատասխան ենք տալու այն քաղաքական ուժերին եւ մարդկանց, ովքեր փորձելու են քաղաքական պայքարը վերածել թշնամանքի: Ընտրարշավն այդպիսին չի լինելու մեր աչքերով: Ընտրությունների օրը լինելու է զարգացման մոդելների ընտրության օր»,-ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում