Մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքով ավելի են ուժեղացվել խոշտանգումների կանխարգելման իրավասությունները

Մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքով ավելի են ուժեղացվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ՄԻՊ-ի իրավասությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանը 2008 թվականից ի վեր հանդիսանում է խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կարևորագույն ինստիտուտներից մեկը: Այս նոր օրենքով ավելի են ուժեղացվել այն իրավական գործառույթները, որոնք իրականացրել է ՄԻՊ-ի աշխատակազմը: Միջազգային կառույցների հետ մեր համագործակցության արդյունքում ձեռք են բերվելու խոնավությունը, ջերմաստիճանը, տարածքը, լուսավորությունը չափող սարքեր, որոնց միջոցով իրականցվելու են մշտական մոնիթորինգային աշխատանքներ»,– ընդգծեց Թաթոյանը:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ հստակ սահմանվել են այն վայրերը, որտեղ իրականցվելու են ՄԻՊ-ի աշխատակազմի այցելությունները:

«Ավելի է հստակեցվել այդ վայրերի ցանկը: Նախ՝ դրանք ազատությունից զրկված, ձեռբակալված, կալանավորված անձանց պահման վայրերն են: Այդ վայրերում նաև ընդգրկվել են անազատության մեջ գտնվող անձի տրանսպորտային միջոցները: Այսինքն՝ դա վերաբերում է ցանկացած վայրի, որտեղ անձը պահվում է իր կամքին հակառակ»,– ասաց Թաթոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում