Մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքով մեծանալու են հասարակական կազմակերպությունների լիազորությունները

Մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքով հասարակական կազմակերպությունները ներգրավվելու են մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«ՄԻՊ-ի հրապարակային հայտարարություններին միանալու են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այդ կազմակերպությունները մեր աշխատակազմի հետ համատեղ իրականացնելու են այցելություններ քրեակատարողական հիմնարկներ»,– ասաց Թաթոյանը:

Ըստ նրա` կազմակերպությունների ներկայացուցիչները մարդու իրավունքի պաշտպանի հիմնական աշխատակազմի մեջ չեն մտնում, սակայն կունենան օրենքով նախատեսված երաշխիքներ:

«Այդ կազմակերպությունների ներկայացուցիչները կստանան աշխատավարձ պետությունից: Բացի այդ, կիրառվելու է հարցաքննությունների արգելքը: Այսինքն` որևէ մեկը չի կարող նրանցից բացատրություն վերցնել, հարցաքննել այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հետ»,- ընդգծեց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` ներկայումս հասարակական կազմակերպությունների հետ համատեղ այցելություններ են իրականացվում տարբեր քրեակատարողական հիմնարկներ:

«Հասարակական կազմակերպությունները մարդու իրավունքների պաշտպանի կարևոր գործընկերներից են, և այս համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու»,- նշեց Թաթոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում