Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ խորհրդարանական ընտրությունները չեն կարող շեղել իշխանությունների եւ ժողովրդի ուշադրությունը սահմաններից

Արցախն անպաշտպան չի մնալու այն պատճառով, որ Հայաստանը զբաղված է խորհրդարանական ընտրություններով: Լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մեր հարեւանը կարծում է, որ գալիք ընտրությունները շեղելու են Հայաստանի ժողովրդի եւ իշխանությունների ուշադրությունը մեր սահմաններից, անպաշտպան են թողնելու Արցախը եւ հնարավորություն են ստեղծելու Ադրբեջանի համար հրահրել նոր ռազմական գործողություններ: Ակնհայտ է, որ մեր Զինված ուժերն ու հասարակությունն ամբողջությամբ պատրաստ են հակահարված տալու: Սահմանային վերջին միջադեպերը դատապարտելի են, բայց նաեւ հնարավորություն էին՝ ցույց տալու, որ մեր ներքին խնդիրներն ու զարգացումները չեն կարող մեզ ջլատել, շեղել մեր ուշադրութ յունը մեր գերակայություններից եւ անվտանգության խնդիրներից»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր։ Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ։ Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում։ Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում