ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ-ի դեմ

Եվրամիությունը հայտարարել է ԿԺԴՀ-ի դեմ լրացուցչ պատժամիջոցներ սահմանելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը: Այդ սահմանափակիչ միջոցները համապատասխանում են այն որոշումներին, որոնք բովանդակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի բանաձեւը: 

«Խորհուրդը փետրվարի 27-ին ընդունել է իրավական ակտեր, որոնք հետագա սահմանափակիչ միջոցներ են սահմանում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) դեմ»,– ասված է ԵՄ-ի գործադիր մարմնի հաղորդագրության մեջ:

Ինչպես պարզաբանվում է փաստաթղթում, նոր միջոցները սահմանափակումներ են ներառում ԿԺԴՀ-ից ածխի, երկաթի եւ երկաթի հանքաքարի վաճառքի բնագավառում, պղնձի, նիկելի, արծաթի եւ ցինկի ներմուծման, ինչպես նաեւ այդ երկրից հուշարձանների արտահանման արգելք: Միջոցները նաեւ ներառում են ԿԺԴՀ նոր ուղղաթիռների եւ նավերի արտահանման արգելքը, գործող պատժամիջոցների ուժեղացումը տրանսպորտի եւ ֆինանսական հատվածներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում