Իրաքի զինուժերը Մոսուլում հսկողության տակ են վերցրել Տիգրիս գետի չորրորդ կամուրջը

Իրաքի զինված ուժերն ազատագրել են Մոսուլի աջ ափին գտնվող ալ Ջաուսաքի շրջանը եւ հսկողության տակ վերցրել Տիգրիս գետի չորրորդ կամուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ասված է երկրի բանակի գեներալ-լեյտենանտի հայտարարության մեջ, որն ստացել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Համերկրային ոստիկանության արագ արձագանքման զորքերն ազատագրել են ալ Ջաուսաքի շրջանը եւ հսկողության տակ վերցրել չորրորդ կամուրջը Մոսուլի աջ ափին ու շրջանի շենքերի վրա բարձրացրել Իրաքի դրոշը»,- հայտարարել է Մոսուլի ազատագրման գործողության ղեկավար, Իրաքի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Աբդուլ Ամիր Ռաշիդ Յարալան:

Նա նաեւ հավելել Է, որ իրաքցի զինվորականներն սպանել են բազմաթիվ զինյալների եւ ոչնչացրել մի քանի միավոր մարտական տեխնիկա:

Իրաքցի զինվորականների եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Մոսուլի ազատագրման գործողությունն սկսվել է 2016 թվականի հոկտեմբերին. ավելի վաղ ազատագրվել է քաղաքի արեւելյան մասը: Փետրվարի կեսերին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է արեւմտյան մասի ազատագրման գործողությունն սկսելու մասին: Փետրվարի 24-ին Իրաքի կառավարական ուժերը Մոսուլից հարավ-արեւմուտք գրավել են ռազմաբազա եւ մի գյուղ ու մտել քաղաքի արեւմտյան բնակելի թաղամասեր, ինչպես նաեւ ամբողջովին հսկողության տակ են առել օդանավակայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում