Սերժ Սարգսյանը և Յենս Ստոլտենբերգը հանդիպել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել է աշխատանքայի այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որի ավարտին Հայաստանի Նախագահը և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով և կամփոփեն բանակցությունների արդյունքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միոջցների հետ կապերի վարչությունից:

Բրյուսելյան այցի ընթացքում արդեն իսկ կայացել են ՀՀ Նախագահի հանդիպումները Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Նախատեսված են նաև Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հետ:

Բրյուսելում նախատեսված է նաև ՀՀ Նախագահի հանդիպումը «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետների հետ: Սերժ Սարգսյանը «Կարնեգի» կենտրոնում հանդես կգա ելույթով:

Հանրապետության Նախագահն աշխատանքային այցի շրջանակներում կհանդիպի նաև հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում