«Հայկական ժամանակ». Հայաստանում ևս ադրբեջաներեն է ուսուցանվում

Օրերս համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում է՝ ինչպես են ադրբեջանցի ուսանողները հայերեն սովորում։ 2016 թվականի մայիսին արված տեսանյութում ուսանողները հայերենով ողջունում են դասախոսին, քննարկում օրվա դասի թեման և դաս պատասխանում։

Razm.info մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել տեսանյութի վերաբերյալ։ «Բաքվի պետական համալսարանն է, պատմության ֆակուլտետի կովկասագիտության ամբիոնը»,- ասել է նա։ Հայաստանում էլ ադրբեջաներեն է դասավանդվում։ Ինչպես նշում է Վրթանեսյանը, նման առարկա կա Երևանի պետական համալսարանում, բացի այդ 2016 թվականի մարտից ադրբեջաներենի դասընթացներ է կազմակերպում «Ռազմինֆոն»։

«Դասընթացներին մասնակցում են ուսանողներ, լրագրողներ, արևելագետներ, կովկասագետներ, քաղաքագետներ։ Ընդհանրապես փորձում ենք համակարգված հիմքի վրա դնել ուսուցումը։ Այդ աշխատանքի շրջանակներում նաև ստեղծվեց ու հրապարակվեց ռազմական եզրերի ադրբեջաներեն-հայերեն, հայերեն-ադրբեջաներեն համառոտ բառարան։ Ու արդեն աշխատում ենք նոր՝ ավելի ընդլայնված, հրատարակության վրա»,-ասել է Վրթանեսյանը։

Ապրիլից ադրբեջաներենով հետաքրքրվողների մի նոր խմբի հետ սկսվելու են դասընթացները։ Խմբերում լինում են 10-12 հոգի։ Ինչպես տեղեկացնում է Կարեն Վրթանեսյանը, ոչ բոլորն են ավարտում։ Ներածական դասընթացները տևում է 1.5-2 ամիս՝ կախված խմբից։ Հետո արդեն դասախոսներն անհատական աշխատում են ընտրված մարդկանց հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում