Թրամփը պարզաբանել , թե ինչու չի մասնակցելու Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների երեկոյին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տանը հավատարմագրված թղթակիցների ասոցիացիայի կողմից անցկացվող ամենամյա երեկոյին ներկա չլինելու որոշումը պարզաբանել է նրանով, որ լրագրողների ճնշող մեծամասնությունն անհավաստի տեղեկատվություն է հրապարակում իր մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պետության ղեկավարն այդ մասին հայտարարել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից մեջբերումներ են հրապարակվել փետրվարի 27-ին: 

ԱՄՆ-ի նախագահը զանգվածային լրատվամիջոցներին մեղադրել է այն բանում, որ դրանք իր մասին «պատմություններ են հորինում», ինչպես նաեւ «աղբյուրներ մոգոնում», որոնք հաճախ պարզապես գոյություն չունեն: «Ես չեմ ցանկանում ասել, թե խոսքը վերաբերում Է բոլոր աղբյուրներին, բայց շատ աղբյուրներ մոգոնված են, շատ պատմություններ մոգոնված են»,– նշել է Թրամփը:

Նախագահի խոսքով՝ հենց այս պատճառով է ինքը որոշել ներկա չլինել այդ ավանդական ընթրիքին, որը տեղի կունենա ապրիլի 29-ին: «Դա չի նշանակում, թե այն չեմ այցելի հաջորդ տարի, բայց ես պարզապես որոշել եմ, որ լավ կլինի, եթե այս տարի ես այնտեղ չլինեմ»,- նշել է ԱՄՆ-ի պետության ղեկավարը:

Սպիտակ տանը կից լրագրողների ասոցիացիան ստեղծվել է 1914 թվականին: Վեց տարի անց սկիզբ է առել ամենամյա հատուկ ընթրիքներ անցկացնելու ավանդույթը: Սովորաբար դրանք իրենցից ներկայացնում են բարձրահարգ ընդունելություններ՝ մեծ թվով հռչակավոր մարդկանց մասնակցությամբ: Այդ ընթրիքներին ավանդաբար ներկա են լինում ԱՄՆ-ի նախագահները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում