Ագրամունտը «խավիարային դիվանագիտություն»-ում իր ներգրավվածության հարցով բացատրություններ կտա Իսպանիայի Սենատում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը Իսպանիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բացատրություններ կներկայացնի «խավիարային դիվանագիտություն»-ում իր ներգրավվածության մասով: Valencia Noticias-ը գրում է, որ Իսպանիայի ժողովրդական կուսակցությունը ներկայացնող Ագրամունտը Սենատ է կանչվել ձախակողմյան «Կոմպրոմիս» դաշինքը ներկայացնող սենատոր Կարլես Մուլետի նախաձեռնությամբ:

Ագրամունտը ԵԽԽՎ նախագահ է ընտրվել 2016 թվականին, իսկ Իսպանիայի Սենատում ներկայացված է 2008թ-ից:

Սենատոր Մուլետը պարզաբանել է, որ Ագրամունտից բացատրություններ է պահանջել այն մեղադրանքների շուրջ, որոնք նշվել են Եվրոպական կայունության նախաձեռնության (European Stability Initiative) 2016թ. դեկտեմբերի 17-ին հրապարակած «խավիարային դիվանագիտությանն» առնչվող զեկույցում, որում Ագրամունտը նշվում է եվրոպացի այն քաղաքական գործիչների թվում, ովքեր գումարներ են ստացել. «ադրբեջանական բռնատիրության կողմից մարդու իրավունքների համակարգային խախտումների վրա աչք փակելու համար»:

Ըստ Եվրոպական կայունության նախաձեռնության՝ արդեն իսկ ձևավորվել է եվրոպացի քաղաքական գործիչների մի ցանց, ովքեր վճարվում են Ադրբեջանի կողմից և կոչված են «ծածկելու» Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների համակարգային խախտումները Եվրոպայի խորհրդում ու Եվրոպական միությունում: «Կովկասյան ռեժիմի իմիջը մեղմող այդ ցանցի ուղեղը կարծես թե իտալացի Լուկա Վոլոնտեն է, ով իր ծառայությունների համար ամենատարբեր տեսակի վճարումներ է ստացել: Իտալական ոստիկանությունն այս հարցով հետաքննություն է սկսել, և կարծես նրա (Վոլոնտեի-խմբ.) էլեկտրոնային նամակներում ուղղակի հղումներ կան նաև Ագրամունտին»,– գրում է Valencia Noticias-ը:

Մուլետն այս առնչությամբ նաև բազմաթիվ հարցեր է ներկայացրել Իսպանիայի կառավարությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում