ԱԺ քառօրյա նիստ. տեղի կունենա ՎՊ նախագահի ընտրությունը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 103 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Փետրվարի 27-ի նիստում պատգամավորները քննարկել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Գործադիրն առաջարկում է վերացնել ՃՈ ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրանց նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվարկման եւ գանձման առավել պարզ ու արդյունավետ համակարգ, ինչը հնարավորություն կտա ճշգրիտ կիրառել վճարային կազմակերպությունների կողմից տուգանքի վճարումն ընդունելու ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տվյալներն առցանց ստանալու և դրա հիման վրա վճարումն ընդունելու համակարգը, որը կբացառի տուգանքների կրկնակի վճարման պահանջ ներկայացնելը կամ վճարված լինելու դեպքում տուգանքը հարկադիր կատարման ներկայացնելը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը քննարկման է ներկայացրել «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը՝ կից փաթեթով, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում իրականացվող տեսչական բարեփոխումներով, պետական մարմինների օպտիմալացման արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղտեխնիկայի պետական տեսչության լուծարմամբ և գյուղտեխնիկայի պետական համարանիշի և գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի վկայականի տրամադրման գործառույթներն այն պետական մարմնի փոխանցելու գործընթացը սահմանված կարգով իրականացնելու անհրաժեշտությամբ:

Ժամը 12:30-13:30-ը Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում փակ գաղտնի քվեարկությամբ տեղի կունենա ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ընտրությունը: Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է Լևոն Յոլյանի թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում