Թրամփը կարծում է, որ ԶԼՄ-ներում արտահոսքերի կազմակերպման հետեւում կանգնած են Օբաման եւ նրա մարդիկ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ զանգվածային լրատվամիջոցներում իրեն վարկաբեկելուն միտված տեղեկատվության արտահոսքերի հետեւում կանգնած են ԱՄՆ-ի նախկին ղեկավար Բարաք Օբաման եւ նրա մարդիկ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հանրապետականը հայտնել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից հատվածներն ավելի վաղ հրապարակվել են:

«Ես կարծում եմ, որ (նախկին) նախագահ Օբաման է կանգնած դրա հետեւում, որովհետեւ նրա մարդիկ են որոշակիորեն կանգնած դրա հետեւում»,- նշել է Թրամփը: «Այդ արտահոսքերից մի քանիսը, հավանաբար, տարածվում են հենց այդ խմբի կողմից»,- ասել է նախագահը:

Թրամփը հայտարարել է, որ խոսում է «շատ լուրջ արտահոսքերի» մասին, որոնք «շատ վատ» են ազդում ԱՄՆ-ի «ազգային անվտանգության վրա», սակայն կոնկրետ չի պարզաբանել, թե ԶԼՄ-ներում հայտնված հատկապես ինչ տեղեկատվություն ինքը նկատի ունի:

Հարցազրույցում, որն ամբողջությամբ եթեր կտրվի ավելի ուշ՝ փետրվարի 28-ին, Սպիտակ տան ղեկավարը նաեւ հավելել Է, որ «ոչ ոք երբեք ստույգ չգիտի, թե ինչ է տեղի ունենում» ամերիկյան քաղաքականության «կուլիսներում»: «Դու, հավանաբար, կարող ես իրավացի լինել ինչ-որ բանում, բայց երբեք հաստատ չես իմանա»,- նշել է նա: «Բայց ես նաեւ հասկանում եմ, որ դա քաղաքականություն է,- ասել է Թրամփը՝ խոսելով արտահոսքերի մասին:- Եվ դա, հավանաբար, կշարունակվի»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում